Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հին օրերի սառույցը

Հին օրերի սառույցը
16.01.2016 | 20:34

Մեր տան բակը... Հիշողությանս մեջ միշտ լուսավոր, տարբեր տեսակի մարդիկ և տարաբնույթ պատմություններ: Մեր տան լուսավոր բակում հայտնված նոր հյուրը, որ մայրիկիս ջութակի դասատուն է եղել, նոր շունչ տվող մարդը, շատ հետաքրքիր պատմություններ էր պատմում իր կյանքից և մանկությունից: Ոչ մի կերպ չէր կարողանում մոռանալ մանկության հոտը, համը, հորը և մորը… Չէր կարողանում հաշտվել մեր օրերի համ ու հոտի հետ: Հացի համի, պերաշկիի համի, մարդու համի...Ամեն անգամ, երբ գալիս նստում էր մեր լուսավոր բակում` ընկնում էր հիշողությունների գիրկը և պատմում ու պատմում, պատմում ու պատմում էր, և կարևոր չէր, թե արդեն որերորդ անգամ է պատմում նույն պատմությունը: Ամեն անգամ լսում էի` ինչպես առաջին անգամ: Մտովի տեսում էի իր նկարագրած տունը, բակը, պարտեզը, հին շուկան, մառանը` լի կճուճներով, ղավուրման, անգամ զգում էի նրա մոր պատրաստած անուշ ճաշի հոտը: Ամեն անգամ չէր մոռանում ասել, թե մայրն ինչ համեղ ձեռք ուներ, և ինչպես էին բոլորը հարգում տիկին… անունը չեմ հիշում: Պաշտում էր հորը և զարմանքով ու կարոտով պատմում Համո հոր մասին: Եվ միշտ ասում էր, որ ամբողջ Էրևանը գիտեր Համոյին. խանութ ուներ, հոլ էր պատրաստում և ուրիշ փայտյա իրեր: Շաբաթը երկու անգամ գալիս էր մեր տուն և ոչ մի անգամ չէր մոռանում նորից պատմել իր հրաշալի ծնողների մասին: Մեկ էլ մայրս է էդպես պատմում հոր մասին` չմոռանալով մանրուքները: Քիչ մարդիկ կան, որ այդպես յուրահատուկ սիրով և պաշտամունքով հիշում են ծնողներին: Անգամ ես եմ վարակվել մորիցս: Կարող եմ բոլորովին օտար մարդկանց պատմել իմ տատիկ- պապիկներ մասին, իհարկե, ոչ մորս նման: Նույն պատմությունը մայրս ունակություն ունի այնպես պատմելու, որ կինոյի պես տեսնես աչքիդ առջև:

Եվ այսօր նորից մեզ հյուր եկավ Շտիկյան Հրանտ անուն-ազգանունով հետաքրքիր պատմություն ասող մարդը: Բակում նստած էինք ես, Աննան և Հրանտը: Նորից ընկել էինք Հրանտի հին ու նոր պատմությունների գիրկը: Ես լսում եմ: Աննան ու Հրանտը զրուցում են հին Երևանից, կարոտով հիշում հացի համը, ինը կոպեկանոց բուխանկայի համը, որը ես չեմ համտեսել: Ոչ էլ պոնչիկը: Իրենք զրուցում են, իսկ ես մտածում եմ` ինչ մեղք եմ ես, ո'չ բուխանկան, ո'չ պոնչիկը չեմ կերել, այդպես էլ չիմացա իսկական հացի համն ու հոտը: Աննա ասաց.

-Ես որ փոքր էի, երբ գալիս էր առաջին ձյունը, հարիկս տանում էր մեզ պարտեզ, հեռացնում գետնից ձյունը, մաքուր մասի վրա լցնում բալի մուրաբա և ասում ` կերե՛ք, ձագուկներս:
Հրանտը բացականչեց.
-Հա՜, հա՜, մենք էլ մեղր էինք լցնում, ի՜նչ համով մարոժնի էր:
Երկուսով ախ քաշեցինք: Ես աչքերս մեծ բացած մտածում եմ.
-Տե՛ր իմ, անգամ ձյունով մուրաբա չեմ փորձել, առավել ևս` մեղրով: Իսկապես որ տարօրինակ դժբախտ եմ:


Հետո բոլորը լռեցին: Երևի թե ընկան պաղպաղակամուրաբայամեղրային հիշողությունների մեջ: ՈՒտելիքների հոտը իմ մանկության, անկեղծ ասած, չեմ հիշում: Երբ մի քիչ մեծացա, հացի հերթերն էին, և հացն էլ հաց չէր, բայց շատ լավ հիշում եմ տատիկներիս հոտը, իրենց խալաթի և մազերի հոտը, իրենց սենյակների հոտերը, որոնք իսկապես անուշ էին: Բաներ, որոնք անտեսանելի են և անշոշափելի, բայց դաջված` հիշողությանս մեջ: Սիրում եմ կյանքը` լցված հիշողության բուրմունքով:


Նվարդ ՀԱՅԹԱՅԱՆ
Հ.Գ. – ՈՒղիղ մեկ ամիս անց Հրանտը մահացավ: Մեր բակը դատարկվեց...

Դիտվել է՝ 1971

Մեկնաբանություններ